_ԿԱՌՈՒՅՑ ԴԱՐԵՐԻ ՀԱՄԱՐ

Ժամանակների անեզր տարածության մեջ գոյության  և հարատևման իրավունք է վաստակում  այն ազգը, որն իր կենսագործունեության սլաքը նպատակաուղղում է մարդկային վսեմ արժեքների, մնայուն ու հավերժական գործերի արարմանը: Այնժամ գիտության անշեջ կանթեղից բոցավառվում է հզոր ուժ, որի գահավեժ ընթացքին դիմակայելն անհնար է:
Լույսի արարման ճանապարհին կարևոր ներդրում ունեն հատկապես հանրակրթական ուսումնական հաստատությունները: Ասել է թե` դպրոցը վիթխարի ուժ է, որը վճռում է ժողովուրդների և պետությունների ճակատագիրը: Այս հավատամքով էր առաջնորդվում  նաև գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արտաշես Շահինյանը` ձգտելով նոր որակ և շունչ հաղորդել հանրակրթությանը: Շահինյան անհատականության ամենափայլուն դրսևորումը եղավ ԵՊՀ-ին առնթեր ֆիզմաթ դպրոցի հիմնումը,  վերահաստատումն այն իրողության,  որ հայի գոյասյունն ու հաղթանակի դրոշը մտավոր զորությունն է:
Անցել են տասնյակ տարիներ: Այսօր արդեն կրթօջախը 45 տարեկան է, արարման բավականին հասուն ժամանակահատված, որի ընթացքում էջ առ էջ դրվագ առ դրվագ հյուսվել է կրթօջախի կենսագրությունը: 45-ամյա տարեդարձի առթիվ ֆիզմաթ դպրոցը կամակերպել էր հոբելյանական միջոցառումների ինքնատիպ շարք, որը մեկնարկեց միջազգային օլիմպիադայով: Մասնակիցների թվում էին հանրապետության լավագույն դպրոցների  թիմերը, ինչպես նաև հրավիրվածներ տարբեր երկրներից`  մասնավորապես Ղազախստանի Ալմա-աթա քաղաքից ,որի ֆիզմաթ դպրոցի հետ ունեցած համագործակցային կապերն արդեն 3-րդ տարին է բարեկամական հարթության վրա են: Տոնական միջոցառումների բացման ակկորդը օլիմպիական մրցույթով հայտարարելը խորհրդանշական էր, չէ որ ֆիզմաթը լինելով օլիմպիական շարժման բնօրրանը` այսօր էլ շարունակում է առաջատարը մնալ այս ոլորտում:

Օլիմպիադան այն մրցասպարեզն է, ուր գիտելիքը դրվում է քննության,և հաղթում է նա, ով ուղղորդվում է իմացության փարոսով: Օլիմպիական մրցասպարեզում են խաչվում մտքի և կամքի, աշխատասիրության և ազնվության եզրերը : Ասել է թե` Գիտության յուրաքանչյուր հաղթանակ իր սկիզբն  է  առնում երևակայության մեծ խիզախումից: Այս հաղթարշավում լուրջ ասելիք ունեն ֆիզմաթի սաները, ովքեր հանրապետական և միջազգային օլիմպիադաներում փառքով են պսակում դպրոցի անունը:

Ֆիզմաթ դպրոցի հոբելյանական օլիմպիադայի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ով ի դեպ ֆիզմաթի շրջանավարտ է: Նա հատկապես արժևորեց նմանօրինակ օլիմպիադաների դերը փորձի փոխանակման և նոր ընկերներ ձեռք բերելու առումով` <<ֆիզմաթ դպրոցը եղել և մնում է օլիմպիական շարժման առաջամարտիկը>> ընդգծեց,փոխնախարարը վստահաբար հավելելով, որ նրա լուսավորած ուղին իմացության բարձունքներ տանող հուսալի  ճանապարհ է: Միջոցառումը  շարունակվեց ավանդական ծառատունկով: Խորհրդանշական դարձած այս արարողությունը խորհրդանշում էր հայոց դպրության խոր արմատներն ու անսասան հիմքերը:

 



Leave a Reply.

    ԴՊՐՈՒԹՅՈՒՆ

    _

    Picture

    "Դպրություն" կրթական հաղորդաշարը արդեն 10 տարի է՝ լուսաբանում և հանրության լայն շրջանակներին է ներկայացնում հանրակրթության, նախնական, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտների գործունեությունը: Ծրագիրն անդրադառնում է այդ ենթակառուցվածքներում իրականացվող
    բարեփոխումներին, առկա խնդիրներին և դրանց հաղթահարման ուղիներին:
    Եթե կազմակերպում եք հիշարժան և գեղեցիկ միջոցառումներ, որոնք ուսանելի են, դաստիարակչական և նպատակ ունեն կրթության ոլորտում լուրջ բարեփոխումներ իրականացնեն, ապա մեր հաղորդաշարի ստեղծագործական անձնակազմը պատրաստ է համագործակցության:

    010 64 38 25 091 45 98 88   








     


    Archives

    февраль 2012
    январь 2012