_
Նկարչության արվեստը մարդու գեղագիտական աշխարհի արտացոլումն է՝ կյանքի ընկալման և արժևորման յուրօրինակ դրսևորումը: Եվ միայն ընտրյալներին է հաջողվում յուրացնել արվեստի լեզուն, ստեղծելու մնայուն արժեքներ, որոնք հավերժի երկնակամարում մշտապես կշողան որպես անմար լուսատուներ: Այդ ընտրյալների շարքը եկավ լրացնելու նաև մեր ժամանակների լուսավոր նկարիչներից մեկը՝ Տիգրան Հովասափյանը:
Գունային ճիշտ համադրություն, լույսի ու ստվերի յուրօրինակ զուգորդումներ, մտքի աներևակայելի թռիչք, այս կերպ է բնորոշվում գեղանկարչի արվեստը:
1971 թվականին 17-ամյա Տիգրանը ընդունվեց Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ: Ապագա արվեստագետի գեղագիտական ընկալումները անմիջապես նկատեց հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը, ում խորհրդով Հովասափյանը տեղափոխվեց Լենինգրադի Մուխինայի անվան գեղարվեստաթատերական ինստիտուտ: Արվեստի այս կրթօջախը և մշակութային քաղաքը  յուրօրինակ դարբնոց դարձան  նկարչի գեղագիտական ունակությունների զարգացման և անհատական ոճի ձևավորման համար:

_Այսօր գեղանկարիչը գտել է իր ինքնահաստատաման ուղին: Նրա բազմաթիվ աշխատանքները ներկայացվել և հանդիսատեսի բարձր գնահատականին են արժանացել ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրի բազմաթիվ ցուցահանդեսներին:
Ինքնատիպ ու բազմաժանր են գեղանկարիչ Հովասափյանի աշխատանքները: Հատկապես խոսուն են նրա բազմաթիվ դիմանկարները. դրանցից յուրաքանչյուրում արտացոլված են մարդու հոգեկան ապրումները, ներաշխարհում կուտակված հույզերը, որոնք կարծես փորձում են հանգուցալուծել մի շարք խնդիրներ: Նկարիչը ներթափանցելով դեմքի իրական դիմագծերի մեջ, կարծես փնտրում է իրեն հարազատ, անկրկնելի և ցանկալի իդեալը: Հովասափյանի վրձինը դիմանկարներում կարծես համադրում է թախիծն ու կարոտը ներքին դրաման ու առեղծվածային նրբությունը: Նկարչի գունախարհը ներդաշնակ է հայրենի եզերքին` և պարզության հետ միևնույն ժամանակ այնքան խորություն ու իմաստ է պարունակում:
Հովասափյանի արվեստին բնորոշ է յուրահատուկ զգացմունքայնությունը, ինքնաարտահայտման անսահման ազատությունը: Ժամանակի ու տարածական անհունի մեջ գեղանկարչության յուրատիպ լեզվով և առանձնահատուկ ձեռագրով նա ստեղծում է իր ոճը, որտեղ հատվում են երազանքների ու կատարելության սահմանները: Հայ գեղանկարչության պայծառ ներկայացուցիչ Տիգրան Հովասափյանի կտավները կրում են առեղծվածային զգացմունքների ներդաշնակության կնիքը, որով էլ նրա արվեստի իմաստն ու բովանդակությունը հարազատ են դառնում յուրաքանչյուրիս և որպես արվեստի յուրօրինակ գոհար համալրում հայ գեղարվեստի գանձարանը:

                Սցենարի հեղինակ՝  Հեղինե Կարապետյան ©




Leave a Reply.

    ԴՊՐՈՒԹՅՈՒՆ

    _

    Picture

    "Դպրություն" կրթական հաղորդաշարը արդեն 10 տարի է՝ լուսաբանում և հանրության լայն շրջանակներին է ներկայացնում հանրակրթության, նախնական, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտների գործունեությունը: Ծրագիրն անդրադառնում է այդ ենթակառուցվածքներում իրականացվող
    բարեփոխումներին, առկա խնդիրներին և դրանց հաղթահարման ուղիներին:
    Եթե կազմակերպում եք հիշարժան և գեղեցիկ միջոցառումներ, որոնք ուսանելի են, դաստիարակչական և նպատակ ունեն կրթության ոլորտում լուրջ բարեփոխումներ իրականացնեն, ապա մեր հաղորդաշարի ստեղծագործական անձնակազմը պատրաստ է համագործակցության:

    010 64 38 25 091 45 98 88   








     


    Archives

    февраль 2012
    январь 2012