ՆՐԱՆՔ ՄԵՐ ՎԱՂՎԱ ՕՐՆ ԵՆ _
Սեպտեմբերի մեկը հայերիս համար մեծ խորհուրդ և նշանակություն ունի, քանի որ շատերի կյանքում բացվում է դպրության արշալույսը: Անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից` յուրաքանչյուրիս մեջ բոցավառում է անմեկնելի մի զգացողություն` ազդարարվում է իմացության անեզր բարձունքները նվաճելու մի նոր սկիզբ:
"Դպրություն" կրթական հաղորդաշարի ստեղծագործական խումբը գիտելիքի օրվա առթիվ այցելեց Գոգոլի անվան թիվ 35 դպրոց: Կրթօջախն այս տարի իր հարկի ներքո դիմավորում էր առաջին դասարանի ավելի քան 130 փոքրիկների, ովքեր թեև հուզված բայց և ոգևորված մուտք էին գործում դպրության օրրան: Մանուկների անաղարտ աչքերում հուրհրում էին ժպիտի և թախծախառն ուրախության շողերը: Չէ որ իրենց փոքրիկ մոլորակում հեքիաթներին լրացնելու էին գալիս իմացության գաղտնիքները: Քանի ու քանի չբացահայտված հարցերի պատասխաններ են նրանք գտնելու այստեղ, աշխարհի նորովի ընկալման դռներ բացելու և որպես կյանքի հուսալի պատվար յուրացնելու կրթության գանձարանի անգնահատելի արժեքները:

_Նրանք մեր վաղվա օրն են, կյանքի այն նոր ծիլերը, որոնք ապագայում հայի տեսակն են ձևավորելու, նոր դեմք ու դիմագիծ են հաղորդելու դարերից եկած դարեր գնացող ժողովրդին: Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում ձևավորված ամենամյա գեղեցիկ ավանդույթի համաձայն ուսումնական տարեմուտը առանձնակի շուք և երանգ է ստանում դառնալով յուրօրինակ տոն, որն անմոռաց հուշի պես դաջվում է յուրաքանչյուրի հիշողությունում: Այս տարին ևս բացառություն չէր: Դպրանոցը տոնական տեսք էր ստացել: Ամենուր ժպիտներ էին, շնորհավորանքի և մաղթանքների անվերջ շղթա:
Այո, դպրության օը տոն է, չէ որ ազգի գոյութան հենասյունն ու հաղթանակի դրոշը բոլոր ժամանակներում եղել և մնում է գիտելիքը: Որքան կրթված է հասարակությունը այնքան առավել լայն են կյանքը կազմակերպելու, բարեկեցությունը ապահովելու սեփական մշակույթը պահապնելու և զարգացնելու հնարավորությունները: Այս գաղափարներն են հայ կրթարանները սերմնացանի պես շաղ տալիս մանուկների հոգում, որոնք լուսավոր ուղեցույց կլինեն նրանց անցնելիք երթին:
Դպրության օրը անասելի խնդությամբ էին համակված ոչ միայն սաների այլեւ ուսուցիչների հոգիները, ովքեր հավատարիմ իրենց կոչմանը կրթության և գիտելիքի տաճարում հայորդիներին կրթում են ազգային ոգով եւ հայրենի սրբազան արժեքներով, նրանց հոգում սերմանում ազնվության ու աշխատասիրության, հայրենասիրության և բարության ազնիվ հունդեր:
Կրթության հազարամյա պատմություն ունեցող մեր ազգի կյանքում կրթությունը մեր արժեքային համակարգի հարատեւության, ինչպես նաեւ ապագայի հզորության գրավականն է, տեղին է ասված` գիտելիքը ուժ է:

Սցենարի հեղինակ՝  Հեղինե Կարապետյան ©



Leave a Reply.

    ԴՊՐՈՒԹՅՈՒՆ

    _

    Picture

    "Դպրություն" կրթական հաղորդաշարը արդեն 10 տարի է՝ լուսաբանում և հանրության լայն շրջանակներին է ներկայացնում հանրակրթության, նախնական, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտների գործունեությունը: Ծրագիրն անդրադառնում է այդ ենթակառուցվածքներում իրականացվող
    բարեփոխումներին, առկա խնդիրներին և դրանց հաղթահարման ուղիներին:
    Եթե կազմակերպում եք հիշարժան և գեղեցիկ միջոցառումներ, որոնք ուսանելի են, դաստիարակչական և նպատակ ունեն կրթության ոլորտում լուրջ բարեփոխումներ իրականացնեն, ապա մեր հաղորդաշարի ստեղծագործական անձնակազմը պատրաստ է համագործակցության:

    010 64 38 25 091 45 98 88   








     


    Archives

    февраль 2012
    январь 2012